Երբեմն ես մեծագույն հաճույք եմ ստանում ոչ վերբալ հաղորդակցության (հայացք, դիմախաղ, ժեստիկուլյացիա) յուրօրինակ դրսևորումներից։ Մի քանի անգամ այդ թեմայի շուրջ զրուցելիս՝ հասկացել եմ, որ ինձ հայտնի լեզուներում բացակայում է այն բառը, որն իր մեջ կընդգրկեր ինձ այդքան հուզող ոչ վերբալ արտահայտչամիջոցների ողջ տեսականին։ Այս գրառումը կատարելիս էլ այդ բառի պակասը զգում եմ։ Նոր բառ հորինելու մի քանի անհաջող փորձից հետո որոշեցի ժամանակավորապես բավարարվել գոյություն ունեցող բառին այդ իմաստը վերագրելով։ Քանի որ բոլոր այդ արտահայտչամիջոցներն ի վերջո դիտարկելի շարժման վրա են հիմնված ու քանի որ իմ ուշադրությունը դրանք առավելապես գրավում են կանանց կատարմամբ, կանգ առա «կինետիկա» բառի վրա։
Այսօրվա կառավարության նիստում անձամբ ինձ համար դիտարժան էր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի կինետիկան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքի ժամանակ։ Դա տևեց մոտ երկու րոպե, մինչև որ հեռարձակման ռեժիսորը ևս, ըստ երևույթին, հասկացավ, որ կադրում երևացող ԱՆ նախարարը ստվերում է տվյալ պահին բեմը ստանձնած ԿԳՄՍ նախարարին, և օպերատորին հրահանգեց ցույց տալ բացառապես զեկուցող անձին։