64 տարի առաջ այս օրը Հայկական ԽՍՀ֊ի Արտաշատի շրջանի Յամանջալու գյուղում Սրապիոն Ավետիսյանի ընտանիքում տղա զավակ ծնվեց։

Այլ վայրերում էլ Արտավազ Հովհաննիսյանն ու Կառլեն ու Սարգիս Կարապետյանները նույնպես որդիների հայրեր դարձան այդ նույն օրը։

Բոլոր այդ նորածինների անունը, բնականաբար, դրեցին Գագարինի պատվին։

Դեպի տիեզերք մարդու առաջին թռիչքի այսօրվա կլոր տարեդարձը ցանկացա նշել՝ OSINT միջոցներով այդ օրը ծնված գոնե մի հայրենակից հայտնաբերելով։ Ընտրողների ռեգիստրի կայքում դա չհաջողվեց։ 1961 թվականի ապրիլի 12-ին ծնված Գրիգորյան, Սարգսյան ու Մանուկյան ազգանուններով Յուրիներ չկային։ Փորձեցի Կարինեներ փնտրել (ըստ նախկին գործընկերոջս՝ այդ տարիներին ամենատարածված կանացի անուններից է), բայց կրկին ապարդյուն։ Գործը դանդաղ էր ընթանում, քանի որ ամեն անգամ պետք է անցնեի «Ես ռոբոտ չեմ» ստուգումը։

Ուստի դիմեցի համացանցին, որն անմիջապես մատնացույց արեց Յուրի Ավետիսյանին։ Սակայն ընտրողների ռեգիստրի կայքը չէր հաստատում նրա անձնական տվյալները։ Ի վերջո պարզվեց, որ անձնագրով նրա անունը Յուրիկ է։ Ճշգրիտ անունն իմանալուց հետո արդեն ընտրողների ռեգիստրի միջոցով բացահայտվեց նրա ծննդյան փաստաթղթավորված ամսաթիվը (ապրիլի 13)։

Յուրիկ Ավետիսյան, 1961/04/13

Նաև հայտաբերեցի, որ հաջողված որոնումից հետո ռոբոտության կասկածը թոթափվում է։ Օգտվելով այդ հնարավորությունից՝ Գագարինի թռիչքի հիշատակն իրենց անվան մեջ կրող ևս երեք համաքաղաքացի գտա (սակայն բոլորն էլ Յուրիկներ են)՝

Յուրիկ Կարապետյան, 1961/04/12 Յուրիկ Հովհաննիսյան, 1961/04/12

Գենդերային հավասարության սկզբունքներին տուրքս տալով մի Կարինե էլ հայտնաբերեցի՝

Կարինե Պետրոսյան, 1961/04/12

Բայց հիմա մտածում եմ՝ արդյո՞ք այդ օրը ծնված աղջկա անունը Յուրիկ դնող չէր գտնվի։