Ուրբաթ օրը հրավիրված էի ընկերոջս կազմակերպության ամանորյա միջոցառմանը։ Այնտեղ մեր սեղանին նստած աղջիկներից մեկը հարցրեց, թե ինչ բառեր գիտենք, որոնց մեջ երրորդ տառը «է» է (կարծես՝ խաչբառ լուծելու համար էր դա պետք):
Մինչև հասցրեցի լուրջ պատասխանել, Վազգենը մտաբերեց «անէական» բառը։ Սակայն պարզվեց, որ այդ բառն, ինչպես նաև «հնէաբան»֊ն, արդեն հայտնի էին հարցի հեղինակին։ Կատակի կարգով առաջարկեցի տառասխալով գրված «հրէշ»֊ին, որպես մի առասպելական հրեղեն ավանակ։
Այդ մարտահրավերը մտքիցս դուրս չէր գալիս, և երեկ ու այսօր գեներացրեցի պահանջվող չափանիշին համապատասխանող հետևյալ նորաբանությունները.
- օրէժանություն (մեկ օրով գնիջեցում)
- իգէներգիա (կինետիկ էներգիա՝ մեկ բառով)
- գրէթիկա (գրավոր հաղորդակցության բարեվարքություն)
- փղէմոցիոնալ (հաստակաշի, դժվարությամբ գրգռվող)
- ուժէրոտիկա (բոդիբիլդինգի ցուցադրական փուլը)
- սնէֆեկտ (ուտելիքի ազդեցություն)
- ստէնտերիտ (բարակ աղիքի կեղծ ախտորոշված քրոնիկ բորբոքում)
- շնէսպերանտո (վարժեցված շների հրահանգների միջազգային լեզու)
- եզէպոս (ցածր մշակութային արժեք ունեցող էպոս)
- թքէպոքսիդ (թքի հիմքով սոսինձ կամ կամայական այլ թքել-կպցնելու միջոց)
- ուսէքսկուրսիա (ուսուցողական կամ ուսանողական էքսկուրսիա; սրանից խորհրդային բառակազմության հոտ է գալիս)
- իշէլեկտրակայան (էլեկտրակայան, որտեղ ավանակներն են պտտում էլեկտրագեներատորի սռնուն ագուցված անիվը)
- թվէնտրոպիա (պսեվդոպատահական թվի մեջ պարունակվող ինֆորմացիայի քանակ)
- կծէփլ (Apple ընկերության ֆիրմային նշանը)
- շվէստոնացի (Շվեդիայի ու Էստոնիայի երկքաղաքացի)
- լռէքսկավատոր (անաղմուկ էքսկավատոր)