Այս տարվա Դվինի հեծանվարշավի ժամանակ արված լուսանկարներից մեկի տակ արծաթագործ Վարդանը հումորային մի մեկնաբանություն էր թողել, որը ես շատ հավանեցի՝

Լավ պահպանված հեծանվորդ

“Հիիիին հայկական ջրաշխարհի պեղումների ժամանակ լավ պահպանված հեծանվորդ են գտել” )))

Այդ մեկնաբանությունը ես կարդացի անցյալ կիրակի՝ Էջմիածնի հեծանվարշավից հետո «Հեծանիվ+»֊ի ֆեյսբուքյան էջը թերթելիս։

Վարդանին արդեն մի քանի տարի չէի հանդիպել, ֆեյսբուքում էլ, կարելի է ասել, չկամ։ Մոտս միտք ծագեց հավանությունս Վարդանին անձամբ հայտնել․ թե չէ ի՞նչ արժեք ունեն այդ լայքերը, որ ընդամենը մեկ հպման արդյունք են։ Ուստի մտադրվել էի շաբաթ կամ կիրակի գնալ Վերնիսաժ։

Սակայն մտադրությունս գրեթե մոռացվեց, և ես այն հիշեցի այսօր ցերեկը Մոլոկանի այգում, ուր գնացել էի գիրք կարդալու։ Որոշեցի Վերնիսաժ գնալ գետափնյա ճանապարհով։ Շարժվեցի երեքն անց կես՝ ակնկալելով, որ տեղ կհասնեմ մեկ ժամից։ Զբոսանքս փաստացի տևեց երկու անգամ ավելի երկար։ Վարդանին Վերնիսաժում երբեք չէի հանդիպել, ընդամենը մի պատմություն էի լսել նրա մասնակցությամբ, որից հետևում էր, որ նա առնվազն 2019 թվին այդտեղ էր վաճառում իր գործերը։ Սկսեցի շրջել Վերնիսաժի տարածքով՝ մի փոքր մտահոգված նրանից, որ որոշ վաճառականներ սկսել էին իրենց ապրանքը հավաքել, իսկ մի քանի սեղաններ արդեն դատարկ էին։ Բարեբախտաբար Վարդանին գտա, ընդ որում նրան «ճանաչեցի» ետևից երկար մազերի շնորհիվ, չնայած նրան, որ Վարդանին երկար մազերով ընդհանրապես չէի տեսել։ «Լայք»֊ս՝ դրա մեջ ներդրված ջանքի նկարագրության փաթեթավորմամբ նրան փոխանցեցի, մի փոքր զրուցեցինք ու բաժանվեցինք մոտակա հեծանվարշավներից մեկի ժամանակ կրկին հանդիպելու հույսով։