#divinejokes թեգի ներմուծումով պայմանավորված՝ արժի պահապան հրեշտակի կատակների շարքը համալրել վերջերս տեղի ունեցած ևս երկու դեպքով։

Լիլիթ

Մայիսին գրեթե կրկնվեց պահապան հրեշտակի արդեն նկարագրված կատակը։ Հեծանիվով վերադառնում էի լաբից տուն։ Ընտրել էի Դավիթաշենի հետնամասի ճանապարհը։ Այս տարի մեկ անգամ այդ ճանապարհով հակառակ ուղղությամբ երթևեկել էի՝ Տիգրան Պետրոսյանի արձանի մոտից Դավիթաշենի 10֊րդ փողոցով կարճ կտրելով 2֊րդ փողոց։ 10֊րդ փողոցն իրականում նեղ նրբանցք է, որով ավտոմեքենա չի կարող անցնել։ 2֊րդ փողոցը լայն փողոց է։ Նրբանցքից լայն ճանապարհ դուրս գալը հեշտ է, ինքնաբերաբար է ստացվում, մինչդեռ հակառակ երթուղով շարժվելու համար անհրաժեշտ է հստակ իմանալ նրբանցքի տեղը (որպեսզի սխալ ծակ չմտնես): Եվ այդպես 2֊րդ փողոցով ընթանալիս ու 10֊րդ նրբանցքի ակնկալվող վայրին մոտենալիս՝ հայացքով փնտրում էի այն ճեղքը, դեպի որը պետք է թեքվեի։ Տեսա մի տարբերակ, բայց այն վստահություն չէր ներշնչում։ Կամ֊ու֊կացի մեջ ընթացքս դանդաղեցրեցի ու ճիշտ այդ պահին նկատեցի հենց դիմացս փողոցն անցնող Լիլիթին, որը ևս լաբից էր վերադառնում ու, ըստ երևույթին, այդ թաղամասի բնակիչ էր։ Ուզում էի նրանից ճշտել նրբանցքի տեղը, բայց հարցը տալուն պես, քանի որ հասցրել էի մի փոքր առաջանալ, հարցիս պատասխանը աչքովս տեսա։ Այնուամենայնիվ, դա ամենևին չփարատեց այն տպավորությունը, որ Լիլիթին ինձ օգնության էր ուղարկել պահապան հրեշտակս։ Ի միջի այլոց, առ այսօր դա միակ դրվագն է, երբ Լիլիթին հանդիպել եմ լաբից դուրս։

Հրանտ

Ամռանը դիտում էի Հրանտ Տեր֊Աբրահամյանի «Ռուս֊թուրքական վանդակ» շարքը։ Հրանտին ուսանող ժամանակվանից էի ճանաչում։ Այդ պահին հրապարակված շուրջ երկու տասնյակ բոլոր թողարկումները նայելուց հետո ցանկացա Հրանտի հետ զրուցել։ Սակայն նա զանգերիս չպատասխանեց (հետագայում պարզվեց, որ այդ օրերին բավականին խառն էր): Մոտ մեկ շաբաթ անց գնացել էի զբոսայգի՝ գիրք կարդալու։ Եղանակն այնպիսին էր, որ որոշ ժամանակ անց մի թեթև անձրևն անհավանական չէր թվում։ Բացօթյա ընթերցանության ժամերը սովորաբար կիսում եմ երկու գրքի միջև․ մեկն ավանդական, թղթե հատոր «Մեծ ճանապարհորդություններ» շարքից, մյուսն՝ էլեկտրոնային գիրք Քինդլի վրա։ Այդպիսի եղանակային պայմաններում ավելի տրամաբանական կլիներ նախ ընթերցել թղթե գիրքը՝ ավելի ջրակայուն Քինդլը թողնելով ավելի ուշ ժամի։ Մանավանդ, որ սովորաբար նախապատվությունս տալիս էի հենց այդ հերթականությանը։ Սակայն այդ օրը որոշեցի Քինդլից սկսել, քանի որ հերթական էլեկտրոնային գիրքն այդպիսով ավարտին էի հասցնում։ Այդպես էլ վարվեցի։ Երբ գործը հասավ թղթե հատորին, մի քանի հատ ու կենտ կաթիլներ ընկան։ Որոշեցի գիրքս չվտանգել, այն փակեցի և գնացի տուն։ Բայց արդեն այգուց դուրս գալիս պարզ էր, որ այդ կաթիլները կեղծ ազդակներ էին, ու անձրև չէր գալու։ Այնուամենայնիվ մոտս այնպիսի զգացում կար, որ կաթիլները պատահական չէին։ Եվ իսկապես՝ փողոցն անցնելուն պես տեսա Հրանտին, ով Ամերիկյան Համալսարանի սանդուղքով վերելքից առաջ նստել էր՝ մի երկու րոպե հանգստանալու։