Ինքնաթռում իմ դիմացի շարքում երկու ուղևոր միմյանց ներկայացրեցին նույն նստատեղի կտրոններ։ Պահանջվեց ավիաընկերության աշխատակցի միջամտությունը, որպեսզի պարզվի, որ նրանցից մեկի կտրոնը Լոս֊Անջելես֊Ֆրանկֆուրտ չվերթից է։
Ինքնաթռի թափավազքից առաջ մի փոքրիկ աղջիկ սկսեց զռալ։ Ծնողները նրան չէին կարողանում հանգստացնել։ Վերելքի ավարտին նա ձայնը կտրեց, բայց վայրէջքը ևս զռոցով դիմավորեց։ Իսկ անձնագրային ստուգման հերթում լավ էլ ուրախ տեսք ուներ ու իրեն ամաչեցնողներին ի պատասխան կտրականապես հերքում էր ինքնաթռում իր զռալու մասին պնդումները։
Զվարթնոցում, ինչպես և տարիներ առաջ, դիմավորեցին խորհրդավոր տեսքով տաքսի առաջարկող վարորդները, որոնք իրենց արհամարող ժամանողներին հետապնդում են այնքան, մինչև աներկբա բացասական պատասխան չստանան։ Անձամբ ինձ տաքսի պետք չէր, քանի որ որոշել էի Երևանը Լիոնից չստորադասել ու օգտվել առավել էկոլոգիապես մաքուր տրանսպորտից՝ կոշիկներիցս։ Արդեն լուսացել էր։ Երևանի մայրուղի դուրս եկա Փարաքարի գյուղական փողոցներով։ Լիոնի արվարձանների հետ համեմատությունը միանշանակ հօգուտ Փարաքարի չէր։ Մի դրական բան կար, այնուամենայնիվ․ այս տարվա մեջ առաջին անգամ ծառից թութ կերա։
Փարաքարի միջով ճանապարհը հարթեցի Organic Maps-ի օգնությամբ։ Այդ անվճար ծրագիրը ահագին օգտակար եղավ ճանապարհորդությանս ընթացքում։ Միանշանակ արժե վարձատրել նրա հեղինակներին։
Տուն հասա երեք ժամից պակաս ժամանակում։ Պարզվեց, որ Organic Maps-ում (իսկ, ավելի ճիշտ, OpenStreetMap-ում) բացակայում է ամերիկյան համալսարանի սանդուղքով ոտքի երթուղին։ Ես, իհարկե, քայլում էի ավելի հարմար երթուղով, քան այդ ծրագիրն էր առաջարկում։ Ծրագրի օգնությամբ ընդամենը հետևում էի քայլելուս արագությանը, որպեսզի վերջնակետին հասնեի իմ նախանշած ժամին։ Ութին արդեն տանն էի։
Տասն օր առանց ջուր մնացած բույսերը նորմալ տեսք ունեին։
Ցերեկը Շեֆին զանգեցի ու իմացա, որ Բելկան ու Ստրելկան վերամիավորվել են իրենց մոր հետ։