Ֆրանկֆուրտում ժամանակը սուղ էր ու ոտքով քաղաք հասնելու համար չէր բավականացնի։ Ուստի, նախօրոք ուսումնասիրել էի Ֆրանկֆուրտի հասարակական տրանսպորտի տարբերակները։ Ի զարմանս, ամռան ամիսներին ինը եվրոյով կարելի էր գնել մեկ ամսվա մշտական տոմս, որը գործում է Գերմանիայի ողջ տարածքում ու կիրառելի է քաղաքային ու մերձքաղաքային հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում (ավտոբուս, տրոլեյբուս, տրամվայ, մետրո, արվարձանները կենտրոնին կապող գնացքներ)։ Rhônexpress-ի մեկանգամյա մեկ ուղղությամբ տոմսի համար Լիոնում վճարել էի €16.30 (բայց եթե առցանց գնեի, այն կարժենար €15): Կարծելով, որ մի բան այնպես չեմ հասկանում, մի քանի անգամ ուշադիր կարդացի ինը եվրո արժողությամբ մշտականի պայմաններն ու համոզվեցի, որ ես ևս իրավասու եմ այն ձեռք բերել։ Արդեն Երևանում Արտյոմից իմացա, որ Գերմանիայի իշխանություններն այդ գրեթե անվճար տոմսի ծրագիրը գործարկել են Ուկրաինայում պատերազմի ֆոնին թանկացած վառելիքի պատճառով սոցիալական բեռի աճը մեղմելու նպատակով։
Մտադրվել էի նախ այցելել Ֆրանկֆուրտի կենդանաբանական այգին։ Organic Maps-ն այստեղ էլ օգնեց գլուխ հանել Ֆրանկֆուրտի երկաթուղային ցանցից։ Իրականում կարելի էր օդանավակայանից S8 կամ S9 գնացքով անմիջապես հասնել կենդանաբանական այգու մոտակա Ostendstraße կայարանը։ Սակայն ըստ հաջորդ գնացքի ժամանումը ազդարարող համակարգի իմ սպասված գնացքը, կարծես, ուշանում էր (կամ էլ ժամատախտակի թղթային տարբերակը արդիական չէր), ահա թե ինչու ես նախընտրեցի բաց չթողնել քաղաքի կենտրոնական երկաթուղային կայարան մեկնող գնացքը։ Գնացքում մի քանի րոպե ուշացումով ուշադրություն դարձրեցի այն փաստին, որ գրեթե բոլորը դիմակներով են։ Հասկացա, որ Գերմանիայում դեռ գործում են Կովիդ-19-ով պայմանավորված խիստ սահմանափակումները, ու ես էլ դիմակ հագա:
Այնտեղից էլ մետրոյով հասա Ostendstraße։
Բայց մետրոյի ելքի ցուցանակն ակամա կարդալով՝ իմացա, որ մոտակայքում է գտնվում Եվրոպական Կենտրոնական Բանկը, և որոշեցի այն էլ տեսնել։
Արդյունքում, ԵԿԲ-ի անվտանգության աշխատակցի խորհրդով գնացի դեպի երկաթուղային կամուրջ, որի կողմից երկնաքերն ավելի դիտարժան էր։
Այդպես բավականին հեռացա կենդանաբանական այգուց՝ հասնելով ընդհուպ Մայնի հարավային ափ․․․
․․․ որտեղ տեսա զբոսայգում շրջող վայրի սագեր։
Հավատարիմ մնալով հնարավորության դեպքում այլ ճանապարհով վերադառնալու սկզբունքիս՝ աջափնյակ վերադարձա ավելի ժամանակակից տեսք ունեցող ավտոմոբիլային կամրջով։
Նախորդ լուսանկարից պարզ է դառնում, որ Ֆրանկֆուրտում ստեղծված են բոլոր պայմանները հեծանվորդների համար։ Իսկ ահա երկհարկանի կայանատեղի հեծանիվների համար։
Վերջապես, ԵԿԲ-ի հարավ-արևելյան շրջակայքի վրա երկուս ու կես ժամ ծախսելուց հետո, հայտնվեցի կենդանաբանական այգու պատի մոտ։
Մի քանի րոպե անց արդեն կարող էի լրացնել մարդկանց և արջերի վերարտադրության մասին իմ գիտելիքների բացերը։
Հետաքրքիր էր Գրժիմեկի շինությունը, որում պահվում էին գիշերային կենսակերպ վարող կենդանիներ։
Այս ինքնաթիռը իմ պատանեկության երազանքների մարմնավորումն էր՝
Արու օրանգուտանն իսկապես տպավորիչ էր։
Ռնգեղջյուրին այգի են բերել այս արկղով։
Կյանքումս առաջին անգամ օկապի տեսա։
Այգում անցկացրեցի հինգ ժամից ավել, բայց դա էլ ինձ քիչ թվաց։ Այնուամենայնիվ մտադիր էի այցելել նաև կամրջից դիտված բիզնես կենտրոնն ու օդանավակայանում լինել թռիչքից առնվազն երկու ժամ շուտ։ Թարսի պես էլ լուսանկարչական ապարատիս մարտկոցը լիցքաթափվեց, քանի որ նախորդ օրվա զբոսանքից հետո մոռացել էի այն լիցքավորել։ Լավ էր, որ զուգարանում վարդակ գտա, մոտ մի քսան րոպե տրամադրեցի լիցքավորելուն ու կարողացա վագրաձիերին ու ընձուղտներին էլ լուսանկարել։
Սակայն ամեն լավ բան վերջ ունի։ Դուրս եկա այգուց և ուղևորվեցի դեպի երկաթուղային կայարան։
Կայարանից օդանավակայան S-Bahn-ի գնացքով հասա իմ պլանավորած ժամին:
Երևանի չվերթին նախապես տրամադրված B41 ելքի մոտակայքում Հայաստանի շունչ չէր զգացվում։ Բայց որոշ ժամանակ անց ելքը փոխարինվեց B30-ով, ես տեղափոխվեցի այնտեղ ու վերջին տասն օրվա մեջ առաջին անգամ հայերենով խոսակցություն լսեցի։