Լյուֆթհանզայի ընձեռած՝ Ֆրանսիայում մեկ օր ավել անցկացնելու հնարավորությունը որոշեցի օգտագործել՝ այցելելով Լիոնի օդանավակայանի հարևանությամբ գտնվող որևիցե բնակավայր։ Քարտեզի ուսումնասիրության արդյունքում ընտրեցի դեպի հարավ֊արևմուտք ուղղությունը, այն է՝ քայլարշավ դեպի Սեն Բոննե դը Մյուղ և Սեն Լողան դը Մյուղ համայնքները։

Հյուրանոցի նախասրահում

Հյուրանոցի նախասրահում

Գնդաղբյուր

Հյուրանոց

Organic Maps-ի առաջարկած երթուղու սկզբնամասում մոտ մեկ կիլոմետրը անցնում էր մայթ ու ճամփեզր չունեցող նեղ խճուղու երկայնքով (ինչը պարզվեց արդեն արշավի ընթացքում)։ Ես քայլում էի ասֆալտից դուրս, բայց, այնուամենայնիվ, զգացվում էր, որ որոշ վարորդներ փորձում էին ապահով հեռավորության վրա ինձ շրջանցել։ Վերջապես հասա գյուղական նշանակության, ավելի հետիոտնահաճո ճանապարհին։

Սենտ Էկզյուպերի օդանավակայանի կայարանն ու բազմահարկ ավտոկայանատեղին

Պատատուկապատ ծառեր

Այլ հետիոտներ

Սպորտսմեն֊քայլորդը, լուսանկարչական ապարատի ձայնը հետևից լսելով, անցավ վազքի ու դուրս եկավ նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը խաթարող անտաշ օտարերկրացու վնասակար ազդեցության շառավղից։ Իսկ, միգուցե, պարզեպես որոշեց օգտվել հենց այդ հատվածի վայրէջքից։

Ծառերի պատնեշից այն կողմ վարած դաշտ էր, որի եզրին կանգնած տրակտորը պատրաստվում էր ինչ֊որ աշխատանք սկսել։ Վարորդը սպասեց, մինչև որ ես հայտնվեցի տրակտորի հետևում, ու սկսեց ինձ ռմբակոծել պարարտանյութի սպիտակ գնդիկներով։

Տրակտոր

Շուտով հասա Սեն Բոննե դը Մյուղ։

Սեն Բոննե դը Մյուղ

Կիսադղյակ

Այդ համայնքի զբոսայգում Ֆրանսիայի միջուկային ոլորտի աշխատակիցներին նվիրված քանդակ կար։

Ատոմի տրոհվող միջուկ

Լուսանկարչության թանգարանը, ինչպես և սպասում էի, փակ էր․ այն բաց է լինում միայն ուրբաթ և շաբաթ օրերին։

Լուսանկարչության թանգարան

Քայլերս ուղղեցի դեպի Սեն Լողան դը Մյուղ։

Արահետ դեպի Սեն Լողան դը Մյուղ

Սեն Լողան դը Մյուղի եկեղեցին

Սեն Լողան դը Մյուղի եկեղեցին

Պատատուկապատ տուն

Քաղաքապետարան

Օդանավակայան էի վերադառնում այլ ճանապարհով։ Մի քանի րոպեով մտա Սեն Լողան դե Մյուղի գերեզմանատուն։ Տապանաքարերը շքեղ էին։ Բավականին շատ էին երիտասարդների գերեզմանները։ 1984 թվականին տասնյոթ տարեկանում ավտովթարի զոհ դարձած մի պատանու գերեզմանին նրա ամեն տարեդարձին նվիրված գրություններ էին, որոնք, սակայն, ավարտվում էին նրա քսանհինգամյակով։ Այնուամենայնիվ, այդ գերեզմանն ուներ խնամված տեսք (թեև ծաղիկներն արհեստական էին)։

Գերեզման

Օդանավակայանին մոտեցա բեռնային փոխադրումների սպասարկման հատվածի կողմից։

Cargo jet

Բեռնատարներ

DHL

Այդտեղ կյանքումս առաջին անգամ վայրի նապաստակ կամ ճագար տեսա (այն էլ երեք անգամ)։