Հեքըթոնն ավարտվեց։ Իմ մասնակցության առավել կարևոր արդյունքը այն էր, որ հանդիպեցի Քիվիքսի թմին։ Միակ շոշափելի արդյունքն էլ կայանում էր Մաթյոյի PR-ներից երկուսը ինտենսիվ շփման շնորհիվ վերջապես ավարտին հասցնելու մեջ։
Ուրբաթ օրվանից մնացել էինք երեքով՝ Էմանուելը, Ռենոն ու ես։ Բորիսը չորեքշաբթի օրը մեկ օրով մեկնել էր հոր համերգին ներկա գտնվելու ու չկարողացավ վերադառնալ գնացքի գծի վրա կամրջից ընկած բեռնատարի պատճառով։ Ֆլորիանը ուիքենդը անց էր կացնում ընտանիքի ու բարեկամների հետ։ Նմանապես, ուրբաթ օրը տուն էին վերադարձել Մաթյոն ու Թոմը։
Թոմի մեկնելուց հետո կատուների խնամքը ես ստանձնեցի։ Փաստացի, ընդամենը մեկ անգամ ջուր լցրեցի նրանց խմելու ամանի մեջ, իսկ կեր չավելացրեցի, որովհետև կերամանը բավականին լիքն էր։
Ես Քղեում էլ իմ այցի մասին հիշատակ թողեցի՝
Դեռևս երեկվանից Քղեում միջնադարյան փառատոն֊տոնավաճառ էր անցկացվում։
Կայարան հասանք մի քիչ ավելի երկար գետափնյա ճանապարհով։ Ավելի կարճ ճանապարհը ես իմացել էի Մաթյոյին ճանապարհելիս, սակայն մտքովս չէր անցնում, որ ավտոկայանն ու երկաթուղային կայարանը նույն վայրում են։ Արդեն կայարանում իմացա, որ Վալանս մեկնելու էինք ավտոբուսով (ճիշտ Մաթյոյի պես)։
Ավտոբուսի վարորդի գլխավերևում վառվում էր գրություն այն մասին, որ նա ուղևորներ չի վերցնում։ Ռենոն ենթադրեց, որ վարորդը պարզապես մոռացել էր այն անջատել։
Վալանսից Լիոն մեկնեցինք սովորական (ոչ-TGV) էլեկտրագնացքով։
Հետադարձին ես պլանավորել էի Organic Maps-ի օգնությամբ չափել TGV-ի արագությունը, բայց այդ փորձը, հանգամանքների բերումով, ի կատար ածվեց ավանդական գնացքում, որում գրանցվեց ընդամենը 130 կմ/ժ արագություն։
Լիոնում ճաշեցինք ու հրաժեշտ տվեցինք միմյանց։ Օդանավակայան հասա Rhônexpress-ով։ Rhônexpress-ի տոմսը գնելու պահին Լյուֆթհանզան ծանուցում ուղարկեց իմ էլ․հասցեին դեպի Ֆրանկֆուրտ չվերթի չեղարկման մասին, բայց ես այն կարդացի արդեն վագոնում։ Օդանավակայանում ավիաընկերության աշխատակիցը չկարողացավ գտնել ինձ Երևան նույն կամ հաջորդ օրը հասցնելու տարբերակ։ Ես ասացի, որ ինձ համար ընդունելի է միջանկյալ օդանավակայանում երկար սպասելաժամանակով տարբերակը, սակայն դա էլ չօգնեց։ Լիոնում պետք է անցկացնեի ևս երկու գիշեր ու թռնեի Ֆրանկֆուրտ երեքշաբթի օրը։ Խնդրեցի, որ ինձ ուղարկեն առավոտվա չվերթով, որպեսզի Ֆրանկֆուրտում մի ամբողջ ցերեկ լինի իմ տրամադրության տակ։ Այդպես էլ արեցին։ Ես ստացա օդանավակայանի տարածքում գտնվող ibis budget հյուրանոցում երկու գիշերակացի կտրոն ու մի կես ժամից կյանքումս առաջին անգամ հանդիպեցի այնտեղի ընդունարանում Մանոն անունով անձի։ Ես նրան բացատրեցի, թե ինչով է այդ առերեսումն ինձ համար յուրահատուկ ու գնացի համարս։