Առավոտյան Էմանուելի հետ գնացինք նախաճաշի համար գնումներ անելու։ Պարզվեց, որ Քարֆուրը մեր տնից ոտքով հինգ րոպե քայլելու հեռավորության վրա էր։
Ըստ էության, հեքըթոնը մեկնարկել էր դեռևս երեկվանից։ Առաջին հայացքից, առկա էին դրա համար բոլոր անհրաժեշտ պայմանները։
Գեղեցիկ տեսարան,
hardware, այն է՝ սեղան, իշաոտնուկ, հովանոց, պատշգամբ, բազկաթոռներ,
software, այն է՝ բազմոց, բարձեր ու կատու։
Անձամբ ինձ պակասում էր Մաթյոն,
բայց նա ևս շուտով ժամանեց։
Ինձ համար պարզ չէր, թե ինչ ձևաչափով է անցկացվում հեքըթոնը։ Արդյունքում, արդեն ավարտին մոտ պարզվեց, որ այն անց էր կացվում ազատ ձևաչափով, ու գոյություն չուներ նախնական ընդհանուր օրակարգ ու քննարկումների պլան։ Ինձանից բացի մնացած բոլորը ֆրանսիացիներ էին, ու ես, ինձ համար սովորական կերպով, հայտնվեցի սպիտակ ագռավի կարգավիճակում, քանի որ խմբային քննարկումները մեծամասամբ տեղի էին ունենում ֆրանսերենով, իսկ ես չէի միջամտում՝ գտնելով, որ, ըստ երևույթին քննարկվում էին հարցեր, որոնք գտնվում են պատասխանատվության իմ ոլորտից դուրս, ու սպասում էի իմ ժամին։ Այդպես էլ հեքըթոնի մեծ մասը սպասեցի։