Էմանուելի հետ պայմանավորվել էինք հանդիպել Լիոնի կայարանում առավոտյան 11֊ն անց 22 րոպե։ Առավոտվա մի քանի ազատ ժամը ես օգտագործեցի Լիոնի աջափնյակ այցելելու համար։
Զբոսանքիս ընթացքում զարմանում էի, թե ինչու է քաղաքն այդքան դատարկ։ Մոռացել էի, որ կիրակի էր։
Ռոնի ջուրը մաքուր էր։ Այնտեղ բավականին խոշոր ձկներ էին լողում։
Հյուրանոցի համարում մի փոքր արվեստի գործ թողեցի՝ որպես հիշատակ՝ իմ այնտեղ գտնվելու մասին։
Քիվիքսի թմի հետ երբևիցե չէի հանդիպել։ Էմանուելն ընդամենը իմ մի լուսանկարն էր տեսել։ Ես նրան տեղեկացրել էի, որ պայմանավորված վայրում ես ամբոխից առանձնանալու նպատակով կպարեմ քիվիի պարը։ Նա պատասխանել էր, որ գաղափար չունի, թե դա ինչ պար է, սակայն վստահ է, որ ես միակ պարողը կլինեմ։ Կայարանում եռուզեռ էր, ու, չցանկանալով մարդկանց անհարմարություն պատճառել, ես ունեի պահեստային տարբերակ՝ անշարժ կանգնել ու հետո հայտարարել, որ նկատի ունեի քիվի պտուղը։ Այնուամենայնիվ, Էմանուելին նկատելուն պես սկսեցի պարանման շարժումներ կատարել՝ լուսանկարչական ապարատիս առավելագույն ֆոկուսային հեռավորության բերված ոսպնյակով նմանակելով քիվիի կտուցը։ Էմանուելը ինձ չնկատեց ու նախ մոտեցավ Ռենոյին (որին ես չէի ճանաչել, քանի որ դիմակով էր)։ Մի քանի բառ փոխանակելուց հետո (Էմանուելը հարցրել էր, թե արդյոք Ռենոն չէր նշմարել որևիցե մեկին պարելիս) նրանք երկուսով շարժվեցին իմ ուղղությամբ։ Վերջապես առաջին անգամ իրար ձեռք սեղմեցինք։
Գնացինք ճաշելու։ Ռենոն տաք էր հագնված ու ճամպրուկը տանում էր գլխի վրա, ինչն ամրապնդեց իմ այն համոզմունքը, որ նա բնիկ Մալիից է։ Ավելի ուշ պարզվեց, որ նա Լիոնից է, իսկ Մալի է տեղափոխվել, քանի որ հավանել է այդ երկիրն այնտեղ որոշ ժամանակ ՅՈՒՆԵՍԿՈյի ծրագրով աշխատելու ընթացքում։
Ռեստորանում պարզվեց, որ Էմանուելը ևս բուսակեր է (սակայն ձուկ ուտում է): Ռենոն, ընդհակառակը, հնարավորության դեպքում նախընտրում է սպառել սեփական ձեռքով մորթված կենդանու միս։
Ռեստորանի կերակրացանկում բացակայում էին բուսակերական ուտեստներ, ուստի ինձ համար պատվիրեցին հավի ճուտ առանց ճտի։
Վերադարձանք կայարան։ Լիոնից Վալանս սուրացինք TGV ճեպընթաց գնացքով։ Երթը չափազանց հանդարտ էր։ Ողջ ուղևորության ընթացքում զրուցում էինք, ու պատուհանից երևացող պատկերին այնքան էլ ուշադրություն չէի դարձնում։ Գնացքից դուրս գալուն պես ես հարցրեցի Էմանուելից, թե որքան էր կազմում մեր առավելագույն արագությունն այդ հատվածում, բայց նրա պատասխանին, որ, ամենայն հավանականությամբ, մենք գերազանցել ենք 300 կմ/ժ֊ը, ես թերահավատորեն վերաբերվեցի։ Հիմա, LGV Rhône-Alpes երկաթգծի մասին հոդվածը կարդալուց հետո, տեսնում եմ, որ կասկածներս անհիմն էին։ Ի միջի այլոց, դեռևս օդանավակայանից Լիոն ճանապարհին ես լսել էի մոտեցող ու հեռացող գնացքին ուղեկցող «ռելսերի երգը», որը սուլոցի ու զրնգոցի յուրօրինակ խառնուրդ է, առանց մեր գնացքներին բնորոշ թխկթխկոցի։ Ես զննեցի ռելսերն ու տեսա, որ երկաթուղին իրենից ներկայացնում է մեկ ամբողջական, հոծ ու ողորկ ռելսազույգ, այսինքն առանձին ռելսերի միացման տեղերը պատշաճ ձևով եռակցված են։ Անմիջապես հիշեցի Պերելմանի «Հետաքրքրաշարժ ֆիզիկայում» պատկերված՝ շոգից կորացած տրամվայի ռելսերը։ Հետաքրքիր է, թե ինչպես է լուծվել այդ խնդիրը ժամանակակից երկաթուղիներում։
Վալանսում նստեցինք մեկ այլ La Region գնացք ու հասանք Քղե (Crest)։
Այնտեղ մեզ դիմավորեց «Գրադարաններ առանց սահմանների»֊ի Ֆլորիանը, իսկ քիչ անց մեզ միացան նրա գործընկեր Թոմն ու Քիվիքսի կամավոր աջակից, հայկական արմատներ ունեցող Բորիսը։
Ֆլորիանը, որն արդեն մի քանի ամիս բնակվում էր Քղեում, բոլորիս ուղեկցեց դեպի մեր առաջիկա մեկ շաբաթվա օթևանը։
Քղեն ընդամենը ութ ու կես հազար բնակչություն ունեցող բնակավայր է, սակայն պահպանել է ավելի շատ պատմության շունչ, քան ողջ Երևանը։