Թռիչքից մեկ֊ու֊կես օր առաջ Լյուֆթհանզայից եկավ ծանուցում ճամփորդության համար պահանջվող փաստաթղթերն առցանց հանձնելու անհրաժեշտության մասին։ Անձնագրային ու վիզայի տվյալներից ու Կովիդ֊19֊ի դեմ պատվաստման հավաստագրից բացի այդ ցանկում կար նաև ինչ֊որ Digital Passenger Location Form։ Այդ բառակապակցությունն ինձ համար նորություն էր։ Համացանցին ուղղված հարցումը նախ առաջարկեց մի կայք, որտեղ կարելի էր այդ ձևաթուղթը լրացնել 34 Եվրոյի դիմաց, սակայն այնուհետև որոնման արդյունքների միջից ընտրեցի Եվրամիության պաշտոնական կայքէջը, որն այդ նույն ծառայությունը մատուցում էր բացարձակապես անվճար։

Երևանից Ֆրանկֆուրտ չվերթը մեկնեց բավականին ուշացումով, բայց, բարեբախտաբար, ժամանեց ոչ այնքան ուշացած, ու ես բաց չթողեցի Լիոնի չվերթը։ Անձնագիրս ստուգող գերմանացի «սահմանապահը» տարված էր իր հեռախոսի վրա ինչ֊որ խաղով ու իր հիմնական գործն անում էր ի միջի այլոց։

Քանի որ Լիոն ժամանում էի առավոտյան և պետք է գիշերն այնտեղ անցկացնեի, մոտս միտք էր առաջացել օդանավակայանից քաղաք հասնել ոտքով։ Մյուս կողմից, վստահ չէի, որ այդպիսի զբոսանքն ապահով կլինի։ Բայց օդանավակայնի տարածքը լավ տպավորություն թողեց, եղանակը սքանչելի էր, ու նույնիսկ օդանավակայանի անվճար ավտոբուսը (որն, ինչպես հետո պարզվեց, ոչ թե քաղաքի հետ էր կապում օդանավակայանը, այլ շրջում էր օդանավակայանի տարածքում) ինձ հետ չպահեց իմ մտահղացումից։ Ավելի ուշ, արդեն Քղեում, ֆրանսիացի թիմակիցներից տեղեկացա, որ նախնական անհանգստությունս անտեղի էր, քանի որ Ֆրանսիայում չկան հանցավորության տեսակետից վտանգավոր տարածքներ (առնվազն տղամարդկանց համար)։

Լիոնի օդանավակայանի երկինքը

Մյուս մտահոգությունս երթուղու հետ էր կապված։ Ֆրանսիական SIM-քարտ չէի պատրաստվում գնել, իսկ ռումինգն էլ միտումնավոր չէի ակտիվացրել՝ հույսս լիովին դնելով Organic Maps հավելվածի վրա։ Վերջինս փոքր ինչ տարօրինակ երթուղի էր առաջարկում։ Հույս էր ներշնչում այն փաստը, որ երթուղին հիմնականում անցնում էր գնածքի գծին զուգահեռ, ու օդանավակայանի տարածքում տրանսպորտային ենթակառուցվածքների առատության տպավորության տակ ես եզրակացրեցի, որ, ինչ֊ինչ հանգամանքներից ելնելով, հանգիստ կարող եմ ընդհատել արշավս երթուղու կամայական կետում։ Այդ համոզմունքս շուտով փարատվեց, երբ երթուղին ասֆալտապատ ճանապարհից շեղվեց դեպի գյուղատնտեսական դաշտերի միջով անցնող մի արահետ։

Հետադարձ հայացք՝ դեպի արահետի սկիզբը

Բանը նրանումն է, որ Ֆրանսիայում տեղական նշանակության խճուղիները նեղ են ու ճամփեզրից զուրկ։ Եթե որևիցե ավտոճանապարհ մայթ չունի, ապա այն հետիոտների համար ընդհանրապես նախատեսված չէ։ Դաշտերի միջով անցնող խճուղու ասֆալտին կիպ արդեն բավականին բարձր բուսականություն է, որի միջով քայլելն առնվազն անհարմար է։

Ինչևիցե, համայնապատկերը գեղեցիկ էր, զբոսանքն անշուշտ խոստանում էր հիշարժան դառնալ ու բազմաթիվ լուսանկարներ պարգևել, ուստի ես դեն նետեցի օդանավակայան վերադառնալու տարբերակն ու շարունակեցի ճամփաս։

Դաշտեր

Ցորենի դաշտեր

Մոտ մի հարյուր լուսանկար ու րոպե հետո արահետն ավարտվեց, ու մտա Լիոնի արվարձան Մեզյո (Meyzieu)։

Մեզյո

Այնտեղ ականատես եղա թուրքական ավտոշարասյան, որը նախ մեկ ուղղությամբ իմ կողքով անցավ, իսկ հետո նույն ճանապարհով վերադարձավ։ Ոմանք երթևեկում էին՝ ծածանելով Թուրքիայի դրոշները։ Այդ ժամանակ կարծեցի, որ հարսանիք է, բայց հիմա չեմ կարողանում դրա մասին վկայող որևէ մանրամասնություններ մտաբերել։ Միգուցե, մայիսի 28֊ի կապակցությամբ կազմակերպված հակահայկական ակցիա էր։

Մեզյոն հատեցի կես ժամում։

Մեզյոն ավարտվեց

Անցա անչափահասների բանտի ու մարզադաշտի մոտով։

Բանտ

Մարզադաշտ

Բայց Ստեփանավան հասնելն իսկապես անսպասելի էր։

Ստեփանավան

Մեկ ժամ անց, արդեն Վո-ան-Վլեն (Vaulx-en-Velin) արվարձանում, հանդիպեցի ևս մեկ հայկական իրականությունից ծանոթ անուն։

Վեոլիա

Երկար քայլելուց աջ գարշապարիս վրա բշտիկ էր գոյացել։ Ու թեև տրամվայներն ու ավտոբուսները չափազանց հրապուրիչ տեսք ունեին,

Տրամվայ

Ավտոբուս

ես հյուրանոց հասա ինքնուրույն։ Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի այդ անկյունը շատ գեղեցիկ ու մաքուր էր, թեպետ մի երկու վայրում մարդկանց միջի խոզերը իմաց էին տվել իրենց գոյության մասին։

Խոզություն

Հյուրանոցում ցնցուղ ընդունելուց ու մի քիչ հանգստանալուց հետո դուրս եկա Լիոնի բիզնես կենտրոնում զբոսնելու։ Ահա մի քանի լուսանկար, որոնք ցուցադրում են Լիոնի ճարտարապետության բազմազանությունը։

Պատշգամբներ

Հին շենք

Արտացոլված երկնաքեր

Westfield La Part-Dieu