Մարտի 31֊ին ստացա հրավեր՝ մասնակցելու Ֆրանսիայում անցկացվելիք Kiwix Hackathon 2022-ին։ Այս անգամ հրավերն ընդունեցի (անցյալ տարվա հեքըթոնին գնալու տրամադրություն չկար), բայց կազմակերպիչներին զգուշացրեցի, որ մասնակցությանս համար ամենամեծ խոչնդոտ կարող է հանդիսանալ շենգենյան գոտի մուտքի արտոնագրի առկայության պահանջը։ Սթեֆանը՝ Քիվիքսի CEO-ն, խոստացավ նախօրոք տրամադրել վիզայի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Քանի որ Քիվիքսը շվեյցարական կազմակերպություն է, Սթեֆանն առաջարկեց դիտարկել Շենգենյան գոտի մուտքը Ժնևի միջով, որպեսզի կազմակերպչի հրավերն ավելի ծանրակշիռ լինի։ Սա ինձ համար նորություն էր․ իմ՝ քսան տարվա վաղեմության տեղեկություններով Շվեյցարիան շենգենյան երկիր չէր, ու մտքովս էլ չէր անցնում, որ այս ընթացքում դա կարող էր փոխված լինել (մտածում էի, որ շվեյցարացիները խուսափում են զանազան եվրոպական ինտեգրացիոն գործընթացներից)։

Շվեյցարական շենգենյան վիզայի տարբերակի վրա կենտրոնանալով՝ նախ պարզեցի, որ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունը չի մատուցում հյուպատոսական ծառայություններ, իսկ Շվեյցարիայի մոտակա հյուպատոսությունը գտնվում է Թբիլիսիում։ Սակայն նյութն ավելի ուշադիր ուսումնասիրելու արդյունքում իմացա, որ Շվեյցարիա մուտքի արտոնագրի հետ կապված հարցերի քննումը Հայաստանի տարածքում Շվեյցարիան միջպետական համաձայնագրով պատվիրակել է Լեհաստանին։ Լեհաստանի դեսպանատան կայքից դուրս գրեցի պահանջվող փաստաթղթերի ցանկն ու ուղարկեցի Սթեֆանին։ Նա այդ ժամանակ արձակուրդում էր ու պատասխանեց, որ ամենը կդասավորի աշխատանքի վերադառնալուց հետո, միաժամանակ խորհուրդ տվեց ընտրել Երևան֊Ժնև-Երևան թռիչքի ինձ համար հարմար տարբերակը։

Մոտս մտահղացում էր առաջացել հեքըթոնից հետո (վարձակալված) հեծանիվով պտտվել Ժնևյան լճի շուրջը։ Այդ հեծանվարշավը հաճելի զբոսանքի ձևաչափով կատարելու դեպքում պետք էր նախատեսել երկու գիշերակաց։ Սակայն Ժնևյան լճի ափին առցանց ամրագրման ծառայությունների առաջարկած տարբերակների գներն անընդունելի էին իմ ժլատ բնավորության համար, ու ես այդ մտքից հրաժարվեցի։ Ի դեպ, ճշգրտվեցին պատկերացումներս Ժնևյան լճի մասին։ Շվեյցարիայի համբավը որպես ալպյան երկիր մոտս թյուր տպավորություն էր ստեղծել, որ Ժնևյան լիճը լեռնային լիճ է։ Պարզվեց, որ նրա հայելին գտնվում է ծովի մակարդակից ընդամենը 372 մետրի վրա։ Մակերեսով էլ Սևանի կեսից էլ փոքր է (580 կմ2 vs 1264 կմ2)։ Փոխարենը, էապես ավելի մեծ խորության հաշվին, գրեթե եռակի գերազանցում է Սևանա լճին ջրի ծավալով (89 կմ3 vs 33 կմ3

Այսպիսով, այլևս չունենալով հեքըթոնից դուրս որևէ պլաններ, ես Սթեֆանին գրեցի, որ լիովին վստահում եմ նրան ինքնաթռի տոմսն ընտրելու հարցում։ Արդյունքում Սթեֆանը հայտնեց, որ ավելի նախընտրելի է ստացվում, որպեսզի ես մեկ օր շուտ ժամանեմ անմիջապես Լիոն։ Ես տվեցի իմ համաձայնությունը, Սթեֆանը գնեց տոմսը, ուղարկեց ինձ բոլոր ամրագրումների հաստատումներն, ու ես վերջապես սկսեցի բուն վիզային դիմելու գործընթացը։ Երթուղու փոփոխությունով պայմանավորված՝ Շվեյցարիան ու նրան ներկայացնող Լեհաստանը դուրս եկան խաղից՝ իրենց տեղը զիջելով Ֆրանսիային։

Վիզայի դիմումը լրացված էր ապրիլի 28-ին։ Հաջորդ պարտադիր քայլը դեսպանատանը հանդիպում ամրագրելն էր։ Վիզայի դիմումը, ըստ հռչակվող պայմանների, պետք էր հյուպատոսություն հանձնել ճանապարհորդությունից առնվազն 15 օր շուտ, այսինքն ամենաուշը մայիսի 13֊ին։ Ապրիլի վերջին օրերին ամրագրման էջում անմիջապես հայտնվում էր հանդիպման համար ազատ ամսաթվերի բացակայության մասին հաղորդագրությունը, որին հաջորդում էր միայն ապրիլ ամսվա գորշացված ամսաթվերով օրացույցը, առանց մայիսը տեսնելու հնարավորության։ Ամիսը փոխվեց, սակայն մայիսին ևս որևիցե ազատ ամսաթիվ չկար։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան կայքի հետադարձ կապի հայալեզու էջի միջոցով ես հայերենով հարցում գրեցի՝ խնդրելով պարզաբանել, թե արդյո՞ք իսկապես ամբողջ մայիսն արդեն ամրագրված է, թե՞ ամրագրման համակարգն է խափանված։ Էլեկտրոնային փոստիս եկած պատասխանը պահանջում էր հարցումը ձևակերպել անգլերեն կամ ֆրանսերեն (այդ պահանջը բացակայում էր հետադարձ կապի էջում)։ Անգլերենով հարցմանս ի պատասխան հայտենցին, որ ազատ ժամեր բավականին հաճախ են մուտք անում համակարգում, և, պարզապես, պետք է այդ պահը բռնացնել։

Ի միջի այլոց, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը հանդիպում ամրագրելու կայքէջի անգլերեն տարբերակում էջից օգտվելու պայմանները շարադրված են լատինատառ հայերենով։ Ընդհանրապես, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կայքի հյուպատոսական ծառայությունների բաժինը բավականին ցածրորակ է։

Ինչևէ, ես սկսեցի ստուգել այդ էջը օրեկան մի քանի անգամ։ Մայիսի 5֊ին առաջին անգամ տեսա ազատ ժամեր․ ցավոք, դրանք բացվել էին մայիսի 18-ի ու 31-ի համար, ու մի քանի րոպեում էլ կորան։ Սթեֆանին տեղեկացրեցի իրավիճակի մասին, ու նա խորհուրդ տվեց անտեսել առնվազն-15-օր-շուտ-ի պահանջը։ Մայիսի 9-ին Սթեֆանը տեղեկություններ փոխանցեց (Քիվիքսի թմի անդամ Ռենոյի հայրենիք) Մալիում Ֆրանսիայի հյուպատոսության աշխատակիցների՝ վիզայի դիմումների ընդունման ազատ ժամեր բացելու կարգի վերաբերյալ և կարծիք հայտնեց, որ այն տարածվում է նաև Հայաստանի վրա: Հաջորդ օրը ես սկսեցի վաղ առավոտվանից շատ ավելի հաճախ հսկել չարաբաստիկ էջը, բայց միայն աշխատանքային օրվա ավարտին հայտվեցին ազատ ժամեր հունիսի 8-ին, 9-ին ու 10-ին։ Սթեֆանին հայտնեցի, որ ամենայն հավանականությամբ այցս չի կայանա, ստացա հիասթափությամբ լի պատասխան, բայց, միևնույնն է, շարունակում էի ամրագրման էջը տասը րոպեն մեկ թարմացնել։ Մի երկու ժամից անսպասելիորեն պատուհան բացվեց մայիսի 19-ին։ Ես այն իսկույն ինձանով արեցի։ Դա տևեց մի երկու րոպե, որովհետև անհրաժեշտ էր որոշ անձնական տվյալներ լրացնել։ Սակայն դրանով ամրագրման էջը հսկելու պատմությունը չի ավարտվում։ Հանդիպումն ավելի վաղ ամսաթվի տեղփոխելու հույսով ես շարունակում էի դիտարկել այդ հասցեն, ու երկու օրից բռնացրեցի մայիսի 17-ը։ Ամրագրված հանդիպման ամսաթիվ փոխելն ավելի արագ գործողություն էր։

Անցած երեքշաբթի Ֆրանսիա մուտքի արտոնագրի դիմումն ու կից փաստաթղթերը հանձնեցի հյուպատոսություն։ Աշխատակիցը փնթփնթաց, որ չեմ ներկայացրել աշխատանք ունենալու վերաբերյալ ապացույցներ ու նախորդ (վավերականությունից դուրս եկած անձնագրիս մեջ մնացած) շենգենյան վիզայի պատճենը, բայց ես զգացնել տվեցի, որ չէի էլ պատրաստվում ամեն կերպ պայքարել իրենց դրական կարծիքի համար։ Ճիշտն ասած, չէի զարմանա, եթե դիմումս մերժեին։ Բայց այսօր ինձ վերադարձրեցին անձնագիրս՝ շենգենյան վիզան մեջը։