Թեև այս շաբաթը նախկինների համեմատ ավելի հագեցած էր հազվադեպ պատահող իրադարձություններով (այց Ֆրանսիայի դեսպանատուն ու պոլիկլինիկա), կարելի է ասել, որ այն առավել նշանավորվեց աղվեսներով։ Ամեն օր գնացել եմ լաբ՝ Բելկայի ու Ստրելկայի մասին հոգալու։ Վաչիկը նույնիսկ կատակեց, որ ձագերին մորը վերադարձնելու առաջարկին դեմ է։
Երկուշաբթի օրը ձագերի արկղը թրջվել էր անձրևի տակ, քանի որ տաղավարի կտուրը, որի տակ տեղադրված էր վանդակը, լիարժեք ծածկ չէր ապահովում թեք շիթերից։ Այդ օրը ես չէի պլանավորում լաբ գնալ, սակայն Շեֆն այնպես նկարագրեց ձագերի «անմխիթար» վիճակը, որ վերցրեցի ֆենն ու gg֊ով հասա Զովունի (սովորաբար ոտքով կամ հեծանիվով եմ լաբ գնում)։ Սակայն պարզվեց, որ Բելկան ու Ստրելկան գրեթե չէին թրջվել, կամ էլ արդեն հասցրել էին չորանալ։ Ստրելկան այդ օրը ինձ կծեց ու փչացրեց ձախ միջնամատիս մատնահետքը, որը երեքշաբթի օրը պետք է մուտքագրվեր շենգենյան երկրների տվյալների շտեմարան։
Վարդանի երիտասարդ աշխատակիցները վանդակը տեղափոխել էին տաղավարի անկյունը, որտեղ էլ այն թողեցինք։ Բայց հաջորդ գիշեր ձագերին այցելել էր մայր աղվեսն ու փորձել էր նրանց գերությունից ազատել։ Ձագերին իրենից բաժանող երկաթյա ցանցի տակով փոս փորելու իր պլանը նախ, ըստ երևույթին, խափանել էր բետոնե հատակը։ Սակայն աղվեսը չէր հուսահատվել ու իր մտահղացման իրագործման համար ավելի հարմար տեղ էր գտել վանդակի կողքին կիպ կանգնած բազմոցի վրա։ Բնականաբար, դա էլ արդյունք չէր տվել, բայց բազմոցը նա, այնուամենայնիվ, լավ քրքրել էր։ Վանդակը վերադարձրեցինք իր նախկին տեղն ու ծածկեցինք այն ցելոֆանով։
Երեքշաբթի օրը Վաչիկի հետ Բելկային ու Ստրելկային վանդակից հանեցինք այգում զբոսնելու։ Դրանից հետո զբոսանքը նրանց ամենօրյա ռեժիմի պարտադիր մասն է (առնվազն այս շաբաթ ես դա ապահովել եմ)։
Չորեքշաբթի օրը սպառվեց Հունանի բերած շան կերը, ու ես գյուղի խանութից հավի վիզ ու մեջք գնեցի Բելկայի ու Ստրելկայի համար։ Առաջին երկու օրը միսն ու կաշին հում֊հում քերում էի ոսկորների վրայից։ Գազանիկները հավի միսը գերադասում էին շան կերից (որը սեփական նախաձեռնությամբ Լիլիթն էր գնել)։ Բայց քանի որ լաբի սառնարանի սառցարանը չէր գործում, գնածս բերեցի տուն, խաշեցի ու լաբ գնալիս հետս տանում էի այդ օրվա բաժինը։
Երեկ Բելկան առաջին անգամ վանդակի ցանցի հետևից ձեռքիցս հավի պատառներ վերցրեց, իսկ այսօր նույնն արեց զբոսնելիս։ Իհարկե հետո փախավ նոր, նախկինում չհետազոտված տարածք ու ալյևս չէր գայթակղվում հավով․ ո՛չ ինքն էր մոտենում, ո՛չ էլ ինձ էր մոտ թողնում։ Այնուամենայնիվ ակնհայտ է, որ վախն աստիճանաբար նահանջում է։
Ստրելկան հետզհետե ակտիվանում է։ Չորեքշաբթի օրը, երբ հավի միս էի լցրել կերամանի մեջ, Բելկան անմիջապես սկսեց այն ուտել, մինչդեռ Ստրելկան վախենում էր մոտ գալ։ Երբ Բելկան իր արդար բաժինն արդեն կերել էր, ես նրան հանեցի վանդակից, որպեսզի Ստրելկան էլ կարողանա ճաշել։ Իսկ հաջորդ օրը ես ականատես եղա, թե ինչպես է Ստրելկան Բելկայից պաշտպանում իր բաժին կերը։ Այսօր Ստրելկան էլ ձեռքիցս հավի պատառներ վերցրեց վանդակի միջից։
Մի զավեշտալի դրվագ տեղի ունեցավ, երբ ձագերի կերակուրն էի պատրաստում։ Արկղը վանդակից հանել էի, ու քոթոթները, թաքստոցից զրկված ու, միգուցե, հավի հոտից գրգռված, ահագին աշխուժացել էին․ մագլցում էին ցանցի վրա, «փորում» հատակը, կրծում ցանցը։ Մի պահ ձագերից մեկը հատակին պառկած կրծում էր ցանցը, իսկ մյուսը քրոջ վրա նստած փորձում էր փոս փորել նրա գլխի միջով։