«Բազումք» հասա Հունանից շուտ։ Երբ դրսի դուռը բացում էի, մոտեցավ Խորեն հոպարի հարևանը, որը նաև պահակություն է անում նրա ամառանոցին, և գնաց «աղվեսին նայելու»։ Անցնելով վանդակի կողքով՝ նա բացեց խորդանոցի դուռն ու դատողություններ արեց աղվեսի ներկա լինելու մասին, քանի որ պակասել էին մուտքի մոտ թողնված հացի կտորները։ Կարծելով, որ նա նկատի ունի մայր աղվեսին, ես առարկեցի, որ դա կարող էին առնետներ էլ անել։ Հետո պարզվեց, որ պահակը տեղյակ չէր, որ ձագերն արդեն խորդանոցում չեն։ Ես ուղղորդեցի նրան դեպի վանդակը, որի կողքով նա անցել էր առանց ուշադրություն դարձնելու։
Մի քանի րոպեից ժամանեց Հունանը կնոջ ու կրտսեր որդու՝ Սարգիսի հետ։ Ես «Բելկա ու Ստրելկա»֊յին տուփով հանդերձ հանեցի վանդակի մեջից ու դրեցի պատի մոտ։ Նրանց տեսնելով՝ Անին հալվեց։ Ես որոշեցի ստուգել ձագերի սեռը։ Ըստ նախնական զննման երկուսն էլ էգ դուրս եկան։
Տուփի մեջ դրեցինք ջուր ու շան կեր։ Ձագերից մեկն ավելի աշխույժ էր ու անմիջապես սկսեց ուտել, հետո էլ ջուր էլ խմեց։ Մի քիչ ավելի ուշ նա այնքան խիզախացավ, որ սկսեց ատամներ ցույց տալ ու, նույնիսկ, մեկ անգամ ինձ կծեց։ Մյուս ձագն ավելի պասիվ էր։ Նա միայն ջուր խմեց, իսկ անծանոթ կերով չհրապուրվեց։
Ես առաջարկեցի աղվեսներին մեզ վարժեցնելուց հետո բաց թողնել այգում։ Հունանը համաձայնեց։ Որոշեցինք վանդակը տանել այգի։ Սակայն պարզվեց, որ այն դռներով չի անցնում։ Ես հայտարարեցի, որ միայնակ (Հունանին ծանրություններ բարձրացնել չի կարելի) կկարողանամ վանդակն անցկացնել երեք մետրանոց պատի վրայով։ Դա մի փոքր ավելի դժվար եղավ, քան ես պատկերացնում էի, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։
Մինչև ես ու Հունանը վանդակն էինք տեղափոխում, Անին շահեց աշխույժ ձագի վստահությունը և վերցրեց նրան իր գիրկը։ Այդ քոթոթին նա անընդհատ կոչում էր «Բելկա»։ Ստրելկային տեղավորեցինք վանդակի մեջ, որտեղ նա ևս համտես արեց շան կերը, իսկ Բելկան բավականին երկար մնաց Անիի ձեռքերում ու, բնականաբար, մի փոքր ֆոտոսեսիայի միջով անցավ։
Գնալուց առաջ մենք սովորեցինք ձագերին իրարից տարբերել։
Նկարում՝ Ստրելկան (ձախից) և Բելկան (աջից)։ Բելկան կիսով չափ նստած է Ստրելկայի վրա։