Առավոտյան դեռ չէի կողմնորոշվել «Բազումք» գնալու հարցում, սակայն Շեֆը զանգահարեց և խնդրեց գալ։ Այնտեղ իմացա, որ երեկ կամ նախորդ օրը խորդանոցում աղվեսի ձագ են տեսել։ Ինքս խորդանոցում տեսա միայն գազանիկի կրծած պենոպլաստը ու փայտյա փալեթների կույտը, որի մեջ նա, ենթադրաբար, թաքնվում էր։
Պարզ չէր, թե ինչպես էր աղվեսի ձագը հայտնվել խորդանոցում։ Մի քանի օր առաջ ջրի ճնշումը էապես թուլացել էր։ Շեֆը ձագին տեսել էր ջրաչափի ցուցմունքը գրանցելու նպատակով խորդանոց մտնելիս։ Ջրի ճնշման անկման պատճառը պոմպի պոկված լարն էր, որն, ըստ երևույթին, կապ ուներ անկոչ հյուրի հայտնվելու հետ։ Ամենահավանական բացատրությունն այն էր, որ ձագն ընկել էր կտուրից առաստաղի անցքի միջով։
Շեֆն ու ես քննարկում էինք օդապարիկի շարժման մոդելավորման խնդիրներ, երբ եկավ Խորեն հոպարն ու ասաց, որ հենց նոր կրկին հանդիպել էր աղվեսիկին։ Դրանից հետո ես մի քանի անգամ գնացի խորդանոց՝ ձագուկին սեփական աչքով տեսնելու հույսով, սակայն ապարդյուն։ Ի վերջո որոշեցի ազատել փալեթների կույտի հարակից տարածքն այն զբաղեցնող տախտակներից, որպեսցի հնարավոր լինի զննել ներքևի երկու շարքը։ Ջանքերս պարգևատրվեցին ակնկալիքներիս կրկնապատիկի չափով․ այնտեղ ապաստան էին գտել աղվեսի երկու քոթոթ։ Բոլորը եկան նրանց դիտելու։ Հետո սկսեցին լուսանկարել ու տեսանկարել։
Հայկը բերեց քաբաբի երկու կտոր, ու ես դրանք փայտով հրեցի դեպի ձագերը։ Երկուսն էլ հյուրասիրությունը պատրաստակամորեն ընդունեցին։
Հետո Հունանն առաջարկեց ձագերին բռնել ու ժամանակավորապես տեղավորել վանդակում (որը դեռ պետք էր պատրաստել), մինչև նրանց ապագայի հարցին ավելի երկարաժամկետ լուծում կգտնենք։ Հայկն ու Հունանը գնացին վանդակի պատրաստման համար անհրաժեշտ պարագաներ գնելու, իսկ ես ստանձնեցի քոթոթներին բռնելու խնդիրը։ Փալեթների մի ծայրի մոտ դրեցի մի տուփ ու փայտով սկսեցի քշել ձագերին այդ կողմը։ Սկզբում նրանք անկյունում անշարժ կուչ էին եկել ու ձևանում էին, որ այդտեղ ոչ ոք չկա։ Ես մի փոքր ուժեղացրի ճնշումս, ձագերը տեղից շարժվեցին, սակայն նրանցից մեկը հաջողացրեց փայտիս վրայով հակառակ ուղղությամբ փախչել ու դուրս եկավ կույտի տակից։ Դա էլ վատ տարբերակ չէր։ Վարդանի հետ քշեցինք նրան խորդանոցից դուրս, ու դմբոն թաքնվեց դրսում շարված պեմզաբլոկների ու պատի արանքը։ Մի երկու հատ պեմզաբլոկ վերևի շարքից հանելուց հետո ձեռքս հասավ այդ նեղվածքում կուչ եկած ավեսիկի ծոծրակին, ես նրան զգուշությամբ հանեցի ու տեղավորեցի տուփի մեջ։ Մի քանի րոպեից նրան բացարձակապես նույն եղանակով միացավ նրա եղբայրը կամ քույրը։
Փոքրիկները բավականին վախեցած էին ու հրաժարվեցին ջրից ու քաբաբի նոր բաժիններից։
Շուտով վերադարձան Հունանն ու Հայկը: Որպես մեր կոլեկտիվի նոր անդամների անուններ սպասելիորեն առաջարկվեցին «Բելկա»֊ն ու «Ստրելկա»֊ն (թեև առայժմ, քանի դեռ չենք սովերել ձագերին իրարից տարբերել, ավելի ճիշտ կլինի գրել «Բելկա ու Ստրելկա»)։
Մի երկու ժամում վանդակ պատրաստեցինք և «Բելկա ու Ստրելկա»֊յին տեղավորեցինք իրենց նոր կացարանում։
Երբ աշխատանքն ավարտեցինք, արդեն մթնել էր, ես էլ հեծանիվի լույս հետս չէի վերցրել, սակայն տուն, միևնույնն է, վերադարձա հեծանիվով՝ ընտրելով ավելի ապահով ճանապարհ։
Վաղը կրկին հավաքվելու ենք Զովունիում «Բելկա ու Ստրելկա»֊յի մասին հոգ տանելու ինչպես նաև նրանց հետագա ճակատագիրը քննարկելու նպատակով։