Զառան նոր էր անջատել թանապուրի տակի կրակը, երբ զարմացած լսեց մուտքի բացվող դռան ձայնը․ Ռազմիկի սովորական վերադառնալու ժամին դեռ մեկ ժամից ավել ժամանակ կար։ Անհանգստացած շտապեց միջանցք, բայց որսալով ամուսնու անթաքույց բարձր տրամադրության նշանները՝ անմիջապես հանդարտվեց։ Ռազմիկը կռացավ կոշիկները հանելու, ու նրա նոր ուսադիրները պատասխանեցին օդում կախված հարցին։

֊ Բա՜, կնի՛կ, արդեն սպայի կնիկ ես, ֊ ժպիտը դեմքին ուղղվելով՝ նորությունը պաշտոնապես հաստատեց նորաթուխ լեյտենանտը։

Մինչև ընթրիք նա այդպես էլ չհանեց համազգեստը, ու ամեն անգամ հայելու մոտով անցնելիս՝ զմայլվում էր ուսերին նոր դասավորությամբ առկայծող աստղիկներով։

Համազգեստը հագին՝ Ռազմիկը տեղավորվեց սեղանի մոտ ու հարցրեց․

֊ Ի՞նչ ենք ուտելու։

֊ Խնդրեմ, սպաս, ֊ քնքշությամբ ասաց Զառան՝ նրա առջև դնելով թանապուրով լի ափսեն։

Այդ օրվանից «թանապուր» բառը հոմանիշ ունի։

Հ․Գ․ Իսկ ես այսօր կյանքումս առաջին անգամ ինքնուրույն սպաս եփեցի՝ հիմնվելով Անուշի ու Զառայի բաղադրատոմսերի վրա։ Լավ էլ հաջող ստացվեց։