Անցած (իսկ, միգուցե, նախանցած) տարի իր արհեստանոցում, չեմ հիշում, թե ինչու, Սամվելը հիշեց հայկական մի ֆիլմ աղավնիներ պահողների մասին ու շարադրեց դրա սյուժեն՝ նաև մեջբերելով գլխավոր հերոսի՝ աղավնիներին բնութագրող գեղեցիկ գրական խոսքերը։ Տանը ես համացանցի միջոցով պարզեցի այդ ֆիլմի վերնագիրը, սակայն, ցավոք, այն կարելի էր դիտել միայն ռուսերեն դուբլյաժով։ Այդ քայլին ես չգնացի։
Մի քանի օր առաջ Յություբի առաջարկների ցանկում հայտնվեց «Ճերմակ անուրջներ» վերնագիրը կրող կինոնկարը, ու մշուշոտ մի հիշողություն թույլ չտվեց, որպեսզի հայացքս պարզապես սահի նրա վրայով։ Կինոնկարը ներկայացնող կադրի վրա նաև աղավնիներ կային, բայց, կարծում եմ, որ իմ ուշադրությունը գրավեց հենց վերնագիրը։ Հայֆիլմը երկու ամիս առաջ էր թվայնացրել ու հրապարակայնորեն հասանելի դարձրել իր այդ գործը։
Հաջորդ անգամ Սամվելին հանդիպելիս՝ պետք է նրան շնորհակալություն հայտնեմ այդ հրաշալի ստեղծագործությունն ինձ արժանիորեն հրապուրիչ կերպով մատուցելու համար։