Երեկ գնացել էի ԱրմՀայԹեք ցուցահանդես՝ նկատի ունենալով դրանից հետո այցելել «ՀՎԶ» հեծանիվների արհեստանոցը։ Ցուցահանդեսում հանդիպեցի Ալինային, ումից իմացա շաբաթ օրը կազմակերպվող դեպի Դվին հեծանվարշավի մասին։ Ալինան զարմացավ, որ ես դրանից տեղյակ չեմ, բայց ես պարզաբանեցի, որ Ֆեյսբուք չեմ մտնում, ու Սամվելն ինձ անձամբ է տեղեկացնում արշավների մասին։ Որոշ ժամանակ հետո Սամվելն ինձ զանգահարեց, բայց ցուցահանդեսի աղմուկի մեջ ես հեռախոսի ձայնը չլսեցի։ Բաց թողնված զանգը տեսա արդեն արհեստանոցի ճանապարհին։ Արհեստանոցում Սամվելը հաստատեց արշավի լուրը։ Ես հիշեցի, որ ապրիլի 2֊ից սկսած մի քանի օրով սպասվում է քամու ուժգնացում մինչև 15֊20 մ/վ, ինչն ամենևին հեծանվային եղանակ չէ։ Սամվելի հետ տեղում ստուգեցինք այդ տեղեկությունը։ Պարզվեզ, որ այն մի փոքր չափազանցված էր, ու ավելի հավանական էր, որ քամին մոլեգնի ապրիլի 3֊ից ոչ շուտ։ Այսպիսով, պլանավորված հեծանվարշավը տապալելու փորձս ապարդյուն եղավ, ինչի համար հիմա շատ ուրախ եմ։

Հաջորդ օրը, այսինքն այսօր, ծանոթացա Ռուսաստանից ժամանած մի քանի «ներգաղթյալի» հետ։ Սաշան, Դաշան ու Սերգեյը Ալլայի ընկերության աշխատակիցներն էին։ Վլադայի մասին տեղեկություն չունեմ (բացի նրանից, որ երեկ նրա ծննդյան տարեդարձն էր, ինչի կապակցությամբ նրան ավելի լավ ճանաչողներն այսօր նույնիսկ մի փոքրիկ տորթ էին բերել Դվին)։

Դեռ երեկ էի իմացել, որ Ալինան «իԳՈՐԾ» ծրագրով աշխատում է ԲՏԱ նախարարությունում, այսօր էլ ծանոթացա Բելգիայից նրա համաիգործեցի Նիկոլյայի հետ։

Հանդիպեցի Խաչիկին, ում մի քանի տարի չէի տեսել։ Նրա համար այս արշավը առաջինն էր երկար ընդմիջումից հետո։ Հեծանվից վայր ընկնելուց հետո նա այն վաճառել էր, բայց այս արշավի առթիվ նոր «Аист» հեծանիվ էր գնել Սամվելից։ Ճանապարհին էլ արագիլներ տեսանք ինչպես բներում, այնպես էլ սավառնելիս։ Չգիտեմ, թե ինչ զգացմունքներ առաջացան Խաչիկի հեծանվի մոտ, բայց Սերգեյը բավականին տպավորված էր։

Մոմիկը հետը կիթառ էր բերել, ու Ալլայի ու Սաշայի հետ միասին մի փոքրիկ համերգ կազմակերպեցին։ Հանգստի վայրը մենք կիսում էինք գյուղից եկած երեխաների հետ, որոնք նախ սանդուղքի վրայից էին դիտում ու լսում կատարումները, հետո էլ մոտ եկան սեղանին, ու նույնիսկ մասնակցեցին Վլադայի տորթն ըստ նշանակության օգտագործմանը։ Մոմիկը իր դերասանական հմտությունների շնորհիվ մանկահասակ հանդիսատեսի ուշադրության կենտրոնում էր։ Վերջում մի աղջիկ նույնիսկ խնդրեց լուսանկարվել նրա հետ։

Ետդարձի ճանապարհին դատարկ միջգյուղական խճուղու վրա Մոմիկը կիթառ էր նվագում՝ հեծանիվ վարելիս։ Կարոն նրան ընթացքից նկարահանում էր։ Հույս ունեմ, որ լավ տեսահոլովակ կստացվի։

Հ․Գ․ «Ալյումինե վարունգները» Վիկտոր Ցոյի երգն է, որն առաջին անգամ լսեցի այսօր։ Սաշան նվագում ու երգում էր, իսկ Մոմիկը ձայնակցում էր։ Երբ Ալլան էր կատարում «Конь» երգը, որը ես նույնպես երբևիցե չէի լսել, ձայնակցում էին Սաշան ու Դաշան։ Ինձ համար անսպասելի էր տեսնել, թե ինչպես միմյանց հետ նոր ծանոթացած մարդիկ արագ գտան ընդհանուր այնպիսի եզրեր, որոնք ինձ շրջանցել էին։ Բնականաբար դրա միանգամայն պարզ բազատրությունն այն է, որ երաժշտությունը իմ հետաքրքրությունների ցանկում համեմատաբար ցածր դիրքում է։ Բայց հենց դրա շնորհիվ էլ ինձ հաջողվեց կողմնակի դիտորդի աչքերով դիտել այդ հրաշալի երևույթը։