Գանձապետական պահառու
2015 թվականին ես որոշեցի գնել պետական խնայողական պարտատոմսեր, ինչի համար այցելեցի գանձապետական պահառուի ներկայացուցչություն Կոնվերսբանկի Կոմիտասի մասնաճյուղում։ Աշխատակիցը՝ Հասմիկը, տեղում չէր, իսկ դռանը փակցված էր նրա հեռախոսի համարը։ Ես միամտորեն որոշեցի սպասել Հասմիկի գալուն։ Նշեմ, որ այն ժամանակ բջջային հեռախոս դեռ չունեի։ Երբ համբերությունս սպառվեց, բանկի աշխատակցուհիներից մեկին հարցրեցի, թե երբ կգա ԳՊ֊ի ներկայացուցիչը։ Նա ասաց, որ շուտով։ Շարունակեցի սպասել։ Ի վերջո այդ նույն աղջիկը սեփական նախաձեռնությամբ զանգահարեց ԳՊ֊ի Հասմիկին և նրան տեղյակ պահեց, որ նրան սպասող կա։ Հասմիկը ստիպված եկավ աշխատանքի։ Ես ստացա ինձ հետաքրքրող հարցերի պատասխաններն ու ասացի, որ մոտ ապագայում կգամ պարտատոմսեր գնելու։ Հասմիկը խնդրեց գալուց առաջ զանգահարել։ Որքան հասկանում եմ, նա աշխատանքի հաճախում էր միայն հազվադեպ առաջացող անհրաժեշտության դեպքում։
2015֊2016 թվականներին գնեցի պետական խնայողական պարտատոմսեր։ Իմ անունով բացվեց դեպո հաշիվ։ Արժեկտրոնների վճարումները կատարվում էին իմ կողմից նշված բանկային հաշվեհամարին։ Գնած պարտատոմսերս ամբողջությամբ մարվեցին 2019-ին։
Անցյալ տարի կրկին որոշեցի պետական խնայողական պարտատոմսերում ներդրում կատարել։ Այս անգամ արդեն դա կարելի էր անել առցանց։ Գրանցվեցի ԳՊ֊ի առցանց սպասարկման համակարգում։ Որպես բանկային հաշվեհամար լրացրեցի իմ մեկ այլ հաշվեհամար այլ բանկում։
Անցյալ ամիս պարզվեց, որ առցանց մուտքագրված հաշվեհամարս անտեսվել էր․ արժեկտրոնները վճարվում էին 2015 թվականին ԳՊ֊ի գրասենյակում կնքված պայմանագրում (կամ հանձնարարականում) նշված հաշվեհամարին։ Երկու շաբաթ առաջ ես գրեցի էլեկտրոնային նամակ gp@minfin.am հասցեին՝ խնդրելով իմ դեպո հաշվի հետ փոխկապակցված գրառումներում կատարել անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի որպես բանկային հաշվեհամար օգտագործվի Գանձապետական պահառուի առցանց սպասարկման համակարգում իմ անձնական տվյալներում լրացված բանկային հաշվեհամարը։ Այդ նամակը մնաց անպատասխան։
Այսօր անձամբ ներկայացա ԳՊ֊ի նույն գրասենյակը։ Հասմիկը տեղում էր․ ըստ երևույթին, աշխատանքային ժամերին նա այլևս միշտ իր աշխատավայրում էր։ Զարմանալիորեն նա ինձ անմիջապես ճանաչեց՝ չնայած նրան, որ դիմակով էի։ Նույնիսկ անուն֊ազգանունս մտաբերեց։ Խնդիրս լսելուց հետո նա զանգահարեց նախարարություն ու ինձ առաջարկեց դիմում գրել, ինչպես նաև բանկից բերել տեղեկանք հաշվիս վերաբերյալ։ Բանկից տեղեկանք բերելը ես կտրականապես մերժեցի։ Նա փորձեց ինձ համոզել, որ այդ փոփոխության համար հիմքեր են պետք, սակայն ես հակադարձեցի, որ դիմումս միակ բավարար հիմքն է։ Նաև ասացի, որ ես անհեթեթ թղթաբանական քաշքշուկի թշնամին եմ, պատրաստ եմ ամեն ձևով պայքարել դրա դեմ և առաջարկեցի զրուցել նրա վերադասի հետ։ Դրա կարիքը չեղավ։ Հարցը լուծվեց տեղում՝ միմիայն իմ ձեռագիր դիմումի հիման վրա։
Կաթնաշոռային պանրիկ
Տան ճանապարհին մտա խանութ՝ սննդամթերք գնելու նպատակով։ Երեք դրամարկղերից մեկի մոտ հերթն առաջ չեր շարժվում։ Պարզվեց, որ հաճախորդին վրդովեցրել էր, որ նրա վերցրած երկու հյութերի վաճառքի գինը տարբերվում էր ցուցափեղկի վրա փակցված գնապիտակի գնից։ Այդ հյութերն արդեն անց էին կացվել սկաներով, և բոլորը սպասում էին մենեջերին, որը պետք է դրանք ցուցակից հեռացներ, քանի որ վիրավորված հաճախորդը հրաժարվել էր գնապիտակի գնով այդ ապրանքը հաշվելու առաջարկից։
Տանը գնումներս աուդիտի ենթարկելիս՝ նկատեցի, որ իմ վերցրած չորս կաթնաշոռային պանրիկներից ՀԴՄ կտրոնում արտացոլված են միայն երեքը։ Պանրիկներից մեկը վերցրեցի ու գնացի հետ։ Հերթում իմ տեղը զբաղեցրեցի։ Մի կին մոտեցավ ու այնպես կանգնեց, ասես դեմ չէր լինի ինձանից առաջ ընկնի։ Սակայն երբ տեսավ, որ ես ընդամենը մի պանրիկի համար եմ հերթում սպասում, նախ մի տեսակ հեգնանքով հարցրեց «Դրա համա՞ր եք սպասում», ու հետո դիմացս կանգնածին միջնորդեց, որպեսզի ինձ առաջ բաց թողնի (ինչին ես չհամաձայնվեցի)։ Տեսնես ի՞նչ կմտածեր այդ կինը, եթե իմանար, որ այդ՝ ինձ անվճար բաժին հասած պանրիկի համար վճարելու նպատակով քայլել եմ մոտ մեկ կիլոմետր (մեկ ուղղությամբ)։
Իմիջիայլոց, այսօր գնված «Ալպեն գոլդ» շոկոլադի վրա կարդացի՝
Ուկրաինա, Սումիի մարզ, ք․ Տրոստյանեց
Դեռ մի քանի օր առաջ այդ աշխարհագրական անունն ինձ ոչինչ չէր ասի, սակայն ռուս֊ուկրաինական պատերազմի բերումով հիմա այն որոշակի հույզեր առաջացրեց․ Տրոստյանեց քաղաքի մասին երեկ կամ նախորդ օրն էի իմացել մարտական գործողություններում հիշատակման շնորհիվ։