Ուրբաթ օրը զանգեց Սամվելն ու տեղյակ պահեց, որ կիրակի օրը կազմակերպվելու է հեծանվարշավ դեպի Էջմիածին։ Ես ցանկություն հայտնեցի մասնակցել։ Սակայն երեկ վրա հասած ցրտահարությունը սասանեց իմ մտադրությունը։ Հիմա գոհ եմ, որ չմտափոխվեցի։

Առավոտյան սառնամանիք էր, սակայն ես ցրտին լավ էի պատրաստվել․ այդքան տաք հագնված դեռ հեծանիվ չէի վարել։ Երկար մատներով հեծանվային ձեռնոցներով մատներս սառչում էին, ու Սամվելի արհեստանոցում հագա սովորական ձմեռային ձեռնոցներս։

Օդը բյուրեղային մաքրության էր։ Մոնթե Մելքոնյանի խճուղով իջնելիս զմայլվեցինք Մասիսի ու Սիսի ստորոտների ու լանջերի հիանալի տեսարանով (գագաթները, ցավոք, ամպերով էին պատված)։

Տասնմեկն անց կեսին մոտ հասանք էջմիածնի «անտառ»։

Ագնեշկան ճանապարհին սառել էր․ ֆլիսի պլեդս ու դեղին բաճկոնս տվեցի նրան։ Շուտով արև շողաց, ու եղանակը համեմատաբար տաքացավ։

«Անտառ»֊ում երեք մեծ տոպրակ աղբ հավաքեցինք։

Երևան վերադարձանք Ոսկեհատ-Հայանիստ երթուղով։

Փոքրիկ Լիանան առաջին անգամ էր հեծանվարշավի մասնակցում ու լավ էլ քշեց։ Ապրի՛ ինքը։ Կարինեի համար էլ այդ երթուղին սխրանքի նման մի բան էր․ փոքր անիվներով ծալովի հեծանիվը նրան բավականին անհավասար պայմանների մեջ էր դնում։ Ինչպես միշտ նման դեպքերում պայմանների հավասարեցման պատասխանատվությունը բաժին ընկավ Սամվելին։ Բայց այս անգամ դա նրա համար լրացուցիչ մարզում էր՝ հաջորդ «Վարչապետի գավաթ»-ը հաղթելու իր նպատակին հասնելու ճանապարհին։