Աննա Վարդապետյանի հարցազրույցում հնչեցրած՝ Ֆրանսիայում օրգանների դոնորների՝ ավտովթարներից մահերի աճի մասին տեղեկատվությունը (առնվազն դրա պատճառների մեկնաբանությունը) ինձ անհավանական թվաց։ Փորձեցի այն ստուգել, բայց անգլերենով ձևակերպված որոնման հարցումների արդյունքներն այդ երևույթը չհաստատեցին։
Ըստ ամենայնի սա կեղծ կոռելյացիայի սխալ մեկնաբանություն է։ Օրինակ, օրգանների դոնորների ռեեստրի ներմուծումը համընկել է ավտոտրանսպորտային միջոցների արագ տարածման և դրանից բխող ավտովթարներից մարդկանց մահացության հետ։ Չի բացառվում, որ այդ համընկնումը ամենևին պատահական էլ չէր․ միգուցե, վիճակագրությունը ցույց էր տալիս առաջընթացին անխուսափելիորիեն ուղեկցող ավտովթարներից մահացության աճի միտում, և, անկարող լինելով այն կանխել, կառավարությունը որոշել է այդ չարիքը գոնե որոշ չափով կոմպենսացնել ի շահ օրգանների կարիք ունեցող հիվանդների՝ նախօրոք ընդունելով համապատասխան օրենսդրություն օրգանների դոնորության մասին։
Չեմ բացառում նաև պարզապես աղավաղված շարադրումը։ Օրգան ձեռք բերելու նպատակով ավտովթար կազմակերպելը բարձր ռիսկայնությամբ ու ցածր շահավետությամբ հանցանք է։ Չէ՞ որ օրգանի տնօրինումը կազմակերպչի իրավասությունից դուրս է։ Ավելի ճշմարտանման է թվում, որ ավտովթարից տուժած անձի կյանքը փրկելու համար բժիշկներն ավելի քիչ ջանք էին ներդնում, երբ գործ ունեին օրգանների դոնորի հետ։