Այսօր «Ռեբելեոն» ՍՊԸ անունից ՀՀ ԿԱՊԵԿ ներկայացրեցի վարձու աշխատողի անհատական տվյալների գրանցման հայտ (ինքս ինձ վերաբերյալ)։

Այդ հայտը լրացնելիս հարկավոր էր նշել պաշտոնի դասակարգման կոդը։ Պարզվում է, որ գոյություն ունի ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013թ. սեպտեմբերի 19-ի N 872-Ն հրամանի Հավելված, որն իրենից ներկայացնում է աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների եվ պաշտոնների դասակարգիչ։

  1. «Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների Հայաստանի Հանրապետության դասակարգիչը» (այսուհետև` դասակարգիչ) հնարավորություն է տալիս սահմանելու Հայաստանի Հանրապետությունում աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների անվանումները և դրանց ներկայացվող պահանջները` համապատասխան կոդերով:

  2. Դասակարգիչը նախատեսված է որպես տեղեկատվության հավաքագրման և մշակման միասնական միջոց` զբաղվածության բնագավառում միջազգային հաղորդակցությանը նպաստելու և անհրաժեշտ է այնպիսի տվյալների վիճակագրությունն ապահովելու համար, որոնք կարող են կիրառվել զբաղվածության ոլորտում ռազմավարության մշակման, որոշումների կայացման և կրթական համակարգի կառավարման ժամանակ, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքներում:

  3. Դասակարգչում ներկայացված են բանվորների և ծառայողների` ըստ մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգման, նրանց կողմից կատարվող աշխատանքների բարդության աստիճանի, աշխատանքի պայմանների, մասնագիտություններին, մասնագիտացումներին և պաշտոններին ներկայացվող կրթության պահանջների վերաբերյալ տեղեկատվություններ, որի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել կադրերի պահանջարկի հաշվառումը և արդյունավետ կառավարումը տնտեսության բոլոր ոլորտներում` տեղեկատվության ավտոմատացված համակարգերի կիրառմամբ:

Այդ փաստաթղթում բերված է մասնագիտացումների ու պաշտոնների մի ահռելի ցանկ (գրեթե 350 էջ), որը, միգուցե, իմաստավորված է խոշոր պետություններում, բայց Հայաստանի պես փոքր երկրի համար, ըստ իս, չափից դուրս մանրակրկրիտ է։ ՍՊԸ֊ի տնօրենին համապատասխանող պաշտոնը փնտրելիս աչքովս ընկան հետևյալ գրառումները․

  • Տնօրեն` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի գրադարանի
  • Տնօրեն` ձկնորսական կազմակերպության
  • Տոմսավաճառ` գնացքով երթևեկության տոմսերի
  • Տոմսավաճառ` երկաթուղային կայարանի
  • Տրոմբոնահար
  • Տեղակալ` էսկադրիլիայի հրամանատարի

Տրոմբոնահարն ինձ շատ ուրախացրեց։ Ընդ որում, այդ դասակարգիչը տրոմբոնահարներին ընդամենը դասում է ծառայողների (ի տարբերություն բանվորների) մասնագիտությունների, մասնագիտացումների եվ պաշտոնների դասակարգման այբբենական դասակարգման 31֊րդ («տ»֊ով սկսվող) խմբում, բայց որևէ ձևով չի արձանագրում, որ տրոմբոնահարը երաժշտի տեսակ է։ Երաժիշտներն, ըստ այդ դասակարգման, լինում են

  • (պարզապես) Երաժիշտ
  • Երաժիշտ` այլ վայրերում ելույթ ունեցող
  • Երաժիշտ` գիշերային ակումբի
  • Երաժիշտ` գործիքավորող
  • Երաժիշտ` կրկեսի նվագախմբի
  • Երաժիշտ` հարվածային գործիքների
  • Երաժիշտ` փողոցում ելույթներ ունեցող

Իմ կարծիքով, այդ դասակարգիչն այնքան էլ չի ծառայում իր իսկ հռչակած նպատակներին։ Ակամա հիշվում Է Բորխեսի առաջարկած կենդանիների դասակարգումը։