Մի քանի օր առաջ մի հետաքրքրաշարժ դեպք տեղի ունեցավ։ Ցերեկը դուրս էի եկել զբոսանքի։ Դեմիրճյան փողոցից ուզում էի Սարյան դուրս գալ։ Այդ ճանապարհով վաղուց չէի քայլել, ու քաջ ծանոթ միջանցիկ մուտքի դռան վրա դոմոֆոն տեսնելն անակնկալ էր ինձ համար։
Մի պահ հապաղեցի, սակայն այնուամենայնիվ դուռը հրեցի այն հույսով, որ, միգուցե, ծածկված է, բայց փակ չէ։ Դուռը բացվեց, բայց, հազիվ էի հասցրել մտածել՝ իրոք, որ «փորձը փորձանք չէ», երբ հակառակ կողմում երևաց մուտքից դուրս եկող մի կին, որն անսպասելիությունից նույնիսկ մի փոքր վախեցավ։ Այնպիսի տպավորություն էր, որ նա նյութականացավ հատուկ դուռն ինձ համար բացելու առաքելությամբ։
Ակամա հիշեցի մեկ այլ նման դեպք: 2015 թվականին առավոտները հեծանիվ էի վարում մինչև տարեվերջ վազքաչափի ցուցմունքը 10000֊ի հասցնելու նպատակով։ Փորձում էի ամեն օր մի նոր երթուղի ընտրել։ Ամեն երեկո հաջորդ օրվա երթուղին պլանավորում էի, ինձ անծանոթ հատվածներն ուսումնասիրում ու մտապահում (հեծանիվ վարելիս քարտեզի հասանելիություն չունեի)։ Մի անգամ Չարբախում խճճվեցի ու կանգ առա, որ հասկանամ, թե ինչպես վերադառնամ երթուղուս վրա։ Վաղ առավոտ էր, փողոցը դատարկ էր, կյանքի միակ նշանը ոչ հեռվում հաչացող մի շուն էր։ Ընդամենը հասցրել էի հասկանալ, որ մոլորվել եմ, ու նոր էի սկսել մտածել անելիքիս մասին, երբ անսպասելի զարմացած ձայն լսեցի․ «Լևո՜ն, ի՞նչ ես ստեղ անում»։ Ստեփանն էր մեր հեծանվորդներից, որ մեքենայով աշխատանքի էր գնում ու հետևից անձայն հայտնվեց իմ կողքին։ Այնպիսի տպավորություն էր, որ նա նյութականացավ ինձ օգնության գալու համար։
ՀԳ․ Այս նյութը հավաքելու ընթացքում էլ մի քանի առեղծվածային վայրկյաններ ապրեցի։ Vim խմբագրիչումս հայերենը միացնելու
։set keymap=hy
հրամանի փոխարեն հավաքել էի
։set key=hy
Սխալս անմիջապես նկատեցի ու ուղղեցի՝ ինքս ինձ հարց տալով, թե, տեսնես, ինչի վրա է
ազդում key
կարգավորումը, սակայն ալարեցի դա պարզել։ Առաջին պարբերության ավարտին
մոտ ցանկացա արդյունքը տեսնել դիտարկիչում, բայց, ի զարմանս ինձ, hugo֊ն անտեսել էր
նոր գրառումը և համառորեն շարունակում էր այն անտեսել։ Այդ ժամանակ keymap
/key
շփոթմունքի դերն այդ ամենի մեջ մտքովս չէր անցնում: Միայն ֆայլը փակելուց ու կրկին
բացելուց հետո բացահայտվեց սխալ հրամանի հետևանքը՝ vim֊ը գաղտնաբառ հարցրեց։ Այստեղ
էր, որ :set key=hy
հրամանը մտովի ընդգծելու փաստն օգնեց խուսափել արդեն
մուտքագրված տեքստը երկրորդ անգամ հավաքելուց (բայց, փոխարենը, այս ավելի երկար
հետգրությունը գրվեց)։