Տասն օր առաջ ուղարկել էի ստորև բերված նամակը, որին որևէ պատասխան չեմ ստացել ո՛չ ՀՀ դատական իշխանությունից, ո՛չ արդարադատության նախարարությունից, ո՛չ էլ ԱԺ Պետական-իրավական կամ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովներից։ Հետևաբար, նամակը կունենա ևս մեկ հասցեատեր՝ info@hetq.am:


To: info@court.am
Cc: info@moj.am, legcom@parliament.am, dsc@parliament.am
Subject: Մտահոգություն՝ կապված ՀՀ դատական իշխանության էլեկտրոնային փոստարկղերի հետ

Բարև Ձեզ,

Մի քանի օր առաջ էլեկտրոնային նամակ եմ ուղարկել ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում առկա @court.am-ով ավարտվող հասցեներից մեկին։ Բառացիորեն նույն օրը շեշտակի աճեց իմ էլեկտրոնային հասցեին եկող սփամի (գովազդային նամակների) ծավալը։ Նման բան ինձ հետ վերջին մի քանի տարվա ընթացքում չէր եղել։ Այդ երկու իրադարձությունների պատճառահետևանքային կապի ապացույցներ որոնելիս՝ հայտնաբերեցի, որ ՀՀ դատական համակարգի ***@court.am էլեկտրոնային փոստարկղերը, ամենայն հավանականությամբ, փաստացի գտնվում են mail.ru-ում կամ որևէ այլ տեղ։ Օրինակ,

Վրդովեցուցիչ է, որ սեփական համացանցային դոմեն ունեցող ՀՀ պետական մարմնի պաշտոնապես ազդարարվող էլեկտրոնային հասցեները ավարտվում են @mail.ru֊ով, @gmail.com-ով (կամ, ընդհանրապես, court.am-ից տարբերվող՝ որևէ այլ դոմենով)։ Նաև մտահոգիչ է, որ ՀՀ պետական մարմնի էլեկտրոնային փոստարկղերը գտնվում են օտարերկրյա ընկերությունների վերահսկողության տակ։

Սակայն ինքնին այդ փաստերը չեն բացատրում, թե ինչու ***@court.am հասցեին էլեկտրոնային նամակ ուղարկելը կարող է ի պատասխան սփամի հսկայական տարափ առաջացնել։ Ամենահավանական բացատրությունն այն է, որ դատական համակարգի համակարգչային ցանցը կամ առանձին համակարգիչներ ախտահարված են վնասակար համակարգչային ծրագրերով։

Հուսով եմ, որ բարձրացված խնդիրները կարժանանան պատշաճ ուշադրության և, անհրաժեշտության դեպքում, կուսումնասիրվեն ավելի լայն շրջանակում քան այս, միգուցե, մասնավոր օրինակն է։

Հարգանքով,
Լևոն Մանուկյան