Օգոստոսի վերջին հայտնի դարձավ սեպտեմբերի 19֊ին «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի կազմակերպման մասին։ Հեծանվավազքին մասնակցելու համար անհրաժեշտ էր բժշկի գրավոր թույլտվություն։ Այդ պահանջին ես վերաբերվեցի որպես հիմարություն, հատկապես այն բանից հետո, երբ մասնակցության պայմաններին ավելացավ մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը (ինչն ավելի տրամաբանական էր), որը սակայն չչեղարկեց բժկի թույլտվության պահանջը։ Ես պատրաստեցի հետևյալ տեղեկանքը, որը լրացրեց ու կնքեց «Հեծանիվ+» ՀԿ֊ի նախագահը․
Հենց այս տեղեկանքով էլ գրանցվեցի մրցաշարին։ Ինչպես և ակնկալում էի, էլփոստով ուղարկված ֆայլի պարունակությանը նայող չգտնվեց, կամ էլ պարզապես աչք փակեցին այդ հնարքի վրա։
Չանսալով Սամվելի հորդորներին՝ հեծանիվս ու ուսապարկս մրցաշարի համար ընդհանրապես չթեթևացրեցի։ Մասնակցում էի զուտ մասնակցության համար, թեև ընթացքում հավեսի ընկա։ Կարևորը՝ նախատեսածս 30կմ/ժ միջին արագությունը կարողացա ապահովեմ։ Զբաղեցրեցի 7֊րդ տեղը իմ տարիքային խմբում։ Այդ արդյունքի համար ինձ հասնում էր 75000 դրամ մրցանակ, բայց ես ի սկզբանե որոշել էի կամայական մրցանակ նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սպասում էի, որ կազմակերպիչներն ինձ հետ կկապնվեն, ու ես նրանց կարտոնեմ մրցանակս փոխանցել հիմնադրամին։ Բայց նրանք, ըստ երևույթին, համարում էին, որ ԿԳՄՍ կայքում երեք օր հետո տեղադրված մրցանակակիրների ցանկը ազդարարման պատշաճ միջոց է, իսկ մասնակիցներն իրենք պետք է հետաքրքրվեն արդյունքներով ու ներկայանան նախարարություն։ Մրցանակս կանխիկով անձամբ ստանալու մտադրություն չունեի։ Տեսնես այդ գումարն ինչ֊որ մեկն իմ տեղը խարդախությամբ ստացել է, թե՞ այն վերադարձվել է բյուջե։